ՀԱՊԱԼԱՍԵՆԻ ՃԱՀՃԱՅԻՆ-Голубика болотная-Vaccinium uliginosum L.
Կատեգորիա. Վտանգված տեսակ: Հանրապետությունում ստույգ հայտնի են երկու պոպուլյացիաներ, որոնց տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ-ից պակաս է: Երկու լոկալիտետների միջև տարածությունը 160 կմ է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում գլխավորապես կլիմայի փոփոխության հետ կապված աճելավայրերի կորուստի պատճառով:
Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր:
Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:
Նկարագրություն. Տերևաթափ գետնատարած փռված թուփ 30-60 սմ բարձր.: Տերևները խոտային, բաց կապտավուն-կանաչ, մանր մոտ 1 սմ երկ.: Ծաղիկները համարյա նստադիր, 1-4-ական տերևների անութներում: Բաժակը հնգատամ: Հատապտուղը կապույտ, հյութալի: Մեղրատու է: Օգտագործում են թարմ և վերամշակված: Պտուղները պարունակում են շաքարներ (մինչև 10%), C, A վիտամիններ, օրգանական թթուներ, սերմերը՝ յուղ, տերևները՝ գլիկոզիդներ, թթուներ և այլն: Դեղաբույս է. պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ, ախտահանող, կապակցող միջոց, աղերի կուտակման, պոդագրայի ժամանակ և այլն:
Տարածում. Հայաստանում հանդիպում է միայն Գեղամի (Գռիձոր) և Վերին-Ախուրյանի (լեռ Ղուկասյան Մեծ) ֆլորիստիկական շրջաններում: АОО 12 քառ. կմ է: Լոկալիտետները` 2: Հայաստանից բացի աճում է Կենտրոնական և Հարավ-արևմտյան Անդրկովկասում, Եվրոպայում, Հյուսիս-արևելյան Թուրքիայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում:
Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ենթալպյան և ալպյան գոտիների ծ. մ. 2500-3300 մ բարձրությունների վրա. մարգագետիններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոսին:
Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, կլիմայի գլոբալ փոփոխություն:
Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է ՙԱրփի-լիճ՚ ազգային պարկի տարածքում:
Անհրաժեշտ է պոպուլյացիան արժանացնել մեծ ուշադրության, իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:
Աղբյուրը` ՀՀ բույսերի Կարմիր գիրք և համացանց: