ruhy

ՆՇԵՆԻ ՆԱԻՐՅԱՆ-Миндаль наирийский-Amygdalus nairica

Կատեգորիա.Վտանգված տեսակ է: Հարավային Անդրկովկասի էնդեմիկ: Արեալը խիստ մասնատված է: Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը` 500 քառ. կմ-ից պակաս: Աճում է ինտեսիվ տնտեսական գործունեության զոնայում:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով` ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ:

Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Նկարագրություն. Նշենին վարդազգիների ընտանիքի ոչ բարձր թուփ է, 1-2 մ բարձր., փռված ճյուղավորված, շատ փշոտ ճյուղերով: Տերևները թույլ հաստակաշի, մերկ, երկարավուն-նշտարաձև, ամբողջաեզր կամ աղեղնաձև-սղոցաեզր, մանր 2-2.5(3)սմ երկ., 0.6-0.8 սմ լայն.: Կորզապտուղները ձվաձև-օվալ, թավշային, տափակած, կարճ սրածայրով: Կորիզի մակերեսը ցանցաձև-ակոսավոր կամ կնճռոտ: Սերմը (միջուկը) լինում է քաղցր կամ դառը՝ պայմանավորված ամիգդալին գլիկոզիդի առկայությամբ (մինչև 4%): Չոր միջուկը պարունակում է ճարպեր՝ 54%, ազոտային նյութեր՝ 21%, ոչ ազոտային նյութեր՝ 13%, և այլն: Քաղցր միջուկն (նուշը) օգտագործվում է թարմ, հրուշակեղենի արտադրության և բժշկության մեջ, յուղ ստանալու համար, կեղևը՝ գինու-կոնյակի արտադրությունում, բնափայտը՝ ատաղձագործության մեջ: Նշենու տնկարկներն օգտագործվում են սարալանջերի հողերն էրոզիայից պաշտպանելու նպատակով:

nush1

Տարածում. Աճում է Զանգեզուրի (Որոտան գետի կիրճ) և Մեղրու (Արաքս գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում: EOO 940 քառ. կմ է, AOO` 60 քառ. կմ, լոկալիտետները` 7: Հայաստանից բացի աճում է Նախիջևանում:

nush_taracum

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ. Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600-1800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա, ժայռոտ տեղերում, ֆրիգանանման բուսականության մեջ, արիդ նոսրանտառում: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում` հունիս-սեպտեմբերին:

nush_0

Սահմանափակող գործոններ. Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ\դեգրադացիա` գյուղատնտեսական հանդակների համար հողերի յուրացման և լեռնաարդյունահանող արդյունաբերության գործունեության ինտեսիվացման հետևանքով:

Պահպանության միջոցառումներ. Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է <<Արևիկ>> ազգային պարկի տարածքում:

Անհրաժեշտ է ԲՀՊՏ-ի ստեղծում Մեղրու շրջանի Ագարակ ավանի շրջակայքում, պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

Աղբյուրը` ՀՀ բույսերի Կարմիր գիրք և համացանց:


Այս կայքը պատրաստվել է ENPI FLEG ծրագրի շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու է միայն «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ՊՈԱԿ-ը։ Կայքը որեւէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները։

Թեժ գիծ՝ 010 20 15 98; 099 55 45 95